Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 220 աճյուն է ԼՂ–ից տեղափոխվել ՀՀ. Կարմիր խաչ

Կարմիր խաչի աշխատակիցն Արցախում
ԿԽՄԿ գրասենյակ են զանգահարել կամ այցելել շուրջ 2,500 անձինք, որոնք փնտրել են անհայտ կորած համարվող իրենց հարազատին և տեղեկության կարիք են ունեցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 220 աճյուն է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
«Աջակցել ենք վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այդ ընթացքում 124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան։
ԿԽՄԿ գրասենյակ են զանգահարել կամ այցելել շուրջ 2,500 անձինք, որոնք փնտրել են անհայտ կորած համարվող իրենց հարազատին և տեղեկության կարիք են ունեցել:
«25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։