ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը մինչև դեկտեմբեր կգա ԱԺ` որոշ հարցերի պատասխանելու նպատակով։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հանձնաժողովում ցանկանում են լսել Շահրամանյանին և նրան գրություն էին ուղարկել։ Քաղաքական գործիչը մինչ 2020 թվականի մայիսը ԼՂ ազգային անվտանգության ծառայության տնօրենն է եղել։
Քոչարյանը նշեց, որ Շահրամանյանից դեռ պատասխան չեն ստացել, բայց սպասում են։ Պաշտոնական գրությունը հանձնելու պահին նախագահը տեղում չի եղել, բայց Քոչարյանը կարծում է, որ նամակն արդեն քաղաքական գործչի ձեռքում է։
«Հույս ունենք, որ մինչև դեկտեմբեր Շահրամանյանը կգա հանձնաժողովի նիստին և հարցերին կպատասխանի»,– նշեց նա։
Քոչարյանը նաև ընդգծեց, որ այսօր առավոտյան էլ խոսել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ։ Քննիչ հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ որոշ իրավական հարց կա,և դա լուծելուց հետո Հարությունյանը նույնպես կկարողանա գալ խորհրդարան` հարցերի պատասխանելու։
Հանձնաժողովի նախագահի խոսքով` առաջիկայում նախատեսվում է մշակել օրենք, որով արգելվում է նախկին կամ գործող պաշտոնատար անձանց մերժել հանձնաժողովների հրավերները։