ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ԼՂ–ում ռազմական գործողությունների ու բռնի տեղահանման օրերին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած 87 մարդ այս պահին շարունակում է բուժում ստանալ ՀՀ տարբեր բուժկենտրոններում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«87 բուժառուից 8-ի վիճակը ծանր է, 2-ինը` ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 24-ից մինչ օրս ունեցել ենք 44 մահ, նրանց մեծ մասը`պայթյունի հետևանքով»,– ասաց նա։
Ծատրյանի փոխանցմամբ` 19 պացիենտ այս պահին շարունակում է բուժում ստանալ արտասահմանում։
Վերջին շաբաթների ընթացքում 160-ից ավելի բուժառու դուրս է գրվել, բայց շարունակում է գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ:
Մարիամ Ծատրյանը նշեց նաև, որ ԼՂ–ից տեղահանված ընտանիքներում այս ընթացքում ծնվել է 160 երեխա, պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում գրանցվել է 57.200 անձ, բժշկական տարբեր կենտրոններում աշխատանքի է անցել 100 բուժաշխատող:
Նա նաև տեղեկացրեց, որ առողջապահության նախարարության ուղղորդմամբ մարզային բժշկական հաստատություններում առկա թափուր հաստիք զբաղեցնելու դեպքում ի հավելումն սահմանված աշխատավարձի, մեր հայրենակիցներին կտրամադրվի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկի չափով աջակցություն՝ մինչև 6 ամիս ժամկետով:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։