ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի 29-ամյա բնակիչն Էջմիածնում մտել է հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղ և նռնակ պայթեցնելու սպառնալիքով գանձապահից պահանջել է դրամարկղի գումարը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 14-ին, ժամը 05։10-ին, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բանկերից մեկի մասնաճյուղում ավազակություն կատարելու և ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին է տեղափոխվել Արագածավան գյուղի 29-ամյա մի բնակիչ: Ձերբակալման ժամանակ նրա ձեռքից վերցվել է մարտական նռնակ՝ պայթուցիչով»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իր կամքից անկախ հանգամանքներում քաղաքացին հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: