Նիկոլ Փաշինյանը քննություն է հանձնում ԵՄ պաշտոնյաների մոտ. փորձագետ

Նիկոլ Փաշինյան
Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը չի բացառում, որ եթե հիմա Հայաստանն է մերժում և չի մասնակցում ՀԱՊԿ–ի միջոցառումներին, որոշ ժամանակ անց ՀԱՊԿ–ը կսկսի մերժել Հայաստանին և որևէ միջոցառման չի հրավիրի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի իշխանությունը վտանգավոր ճանապարհ է ընտրել, որը կարող է շատ վատ տեղ տանել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ նիստին չմասնակցելու որոշումը։
Երեկ հայտնի դարձավ, որ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
«Տպավորություն է, որ ՀԱՊԿ ժողովներին, միջոցառումներին, զորավարժություններին չմասնակցելով` Նիկոլ Փաշինյանը քննություն է հանձնում եվրոպացի տարբեր պաշտոնյաների մոտ, թե արդյոք ի վիճակի կլինի հակազդել Ռուսաստանին, չանել ՌԴ–ի ասածը և քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ–ից դուրս գալու համար։ Ակնհայտ է, որ ոչ թե նեղացվածության խնդիր կա, այլ հստակ գիծ է գնում` չմասնակցել ՀԱՊԿ–ի որևէ միջոցառման։ Կարելի է չասել, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու մտադրություն կա, բայց քայլերի հերթականությունը խոսում է դրա մասին»,– ասաց Բալասանյանը։
Նրա խոսքով` սա փորձ է ցույց տալու Եվրամիության պաշտոնյաներին, որ Հայաստանը վճռական է մինչև վերջ շարունակելու հակառուսական գիծը։
Գրիգոր Բալասանյան
«Սա շատ վտանգավոր ճանապարհ է։ Եթե հիմա Հայաստանն է մերժում և չի մասնակցում ՀԱՊԿ–ի միջոցառումներին, շատ հնարավոր է` որոշ ժամանակ անց մենք ականատես լինենք, որ ՀԱՊԿ–ն է սկսում մերժել Հայաստանին և որևիցե միջոցառման չի էլ հրավիրում։ Սա Հայաստանի համար շատ վատ հետևանքներ է ունենալու։ Նման իրավիճակում գտնվող տարածաշրջանում մնալ առանց դաշնակիցների և քայլերով էլ հստակ մեսիջ ուղարկել բոլորին, այդ թվում` նաև ԵՄ–ին, որ մենք մնացել ենք առանց դաշնակցի, շատ անպատեհ ժամանակ է Ռուսաստանի դեմ մկաններ ցույց տալու կամ մկաններով խաղ անելու համար»,–ասաց միջազգայնագետը։
Ըստ նրա` ՀՀ իշխանությունների գործողությունների արդյունքում ժողովրդի մոտ կարծես իմիտացիա է ստեղծվել, որ ԵՄ–ն կպաշտպանի Հայաստանին։
«Այս պարագայում տեղին չէ հույս դնել եվրոպացի դիտորդների վրա, որովհետև նրանք ավելի քան 1 տարվա ընթացքում ցույց են տվել, որ իրենք ոչ մի արդյունավետությամբ աչքի չեն ընկնում»,– նշեց Բալասանյանը` հավելելով, որ եվրոպացի դիտորդների գործողությունները լի են անվտանգային խնդիրներով։
Միջազգայնագետի խոսքով` այն տեղեկությունները, որոնք վերաբերում են Հայաստանի զինված ուժերի տեղաշարժերին և այլ խնդիրներին, դրանք ուղղակի մեծ հաճույքով փոխանցվում են ադրբեջանցիներին։
Նա վստահ է, որ ԵՄ դիտորդների թվաքանակի ավելացումը չի բերելու սահմաններում անվտանգության մակարդակի բարձրացման, հակառակը` Հայաստանի տարածքում աճելու են Ադրբեջանին տեղեկություններ տրամադրողները։