Միրզոյանը և Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի շուրջ

Արարատ Միրզոյանն ու Ռոբերտա Մեցոլան
Հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման և այնպիսի ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Միջազգային գործընկերների կողմից գործուն ներգրավվածության, հոկտեմբերին Գրանադայում ընդունված հայտարարությամբ վերահաստատված սկզբունքներին Ադրբեջանի հանձնառության պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում հասնել խաղաղության։ Բյուսելում այսօր Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նշվում է, որ կարևորվել է ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման և այնպիսի ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկը»։
«Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից 10 ամիս շարունակված շրջափակման և սեպտեմբերի 19–ի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած 100 հազարից ավել փախստականների առանջային կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը.,– նշված է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանը և Ռոբերտա Մեցոլան մտքեր են փոխանակել նաև ՀՀ–ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի հիմնական ուղղությունների, դրա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ:
Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել նախաձեռնել լրացուցիչ քայլեր՝ Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել, որտեղ կմասնակցի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին։