ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի— Sputnik. Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելեց, որ դա սկզբունքային նշանակություն ունի Երևանի և Բաքվի հաշտեցման համար, այդ թվում` նաև խաղաղապահ զորակազմի գծով:
«Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունները Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող հայերի իրավունքների, անվտանգության, տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին: Ինձ թվում է, որ դա շատ կարևոր ազդանշան է»,- ասաց Զախարովան։
Նա նշեց, որ այս պահին շատ կեղծ լուրեր են տարածվում, որոնք խոչընդոտում են բնակիչների վերադարձը։ Զախարովայի խոսքով՝ որոշ մարդկանց վախեցնում են երևակայական սպառնալիքներով, ոմանց փոխանցում են ոչ հավաստի տեղեկություններ, թե իբր իրենց տներն այլևս գոյություն չունեն։
Զախարովան ընդգծեց՝ պետք է հավատալ միայն պաշտոնական հայտարարություններին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։