ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային մրցույթի գաղափարից և սեփական միջոցներով իրականացնի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տպագրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը` մեկնաբանելով նոր անձնագրերի տրամադրումը հերթական անգամ հետաձգելու առաջարկը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն առաջարկում է հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգել, մինչև կենսաչափական անձնագրերի նոր համակարգ ներդրվի: Կառույցի ղեկավար Արմեն Ղազարյանը նոյեմբերի 14-ին ԱԺ–ում հայտնեց, որ 2024թ–ին ևս ՀՀ քաղաքացիներին նոր նմուշի կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր չեն տրամադրվի։ Հերթական ձգձգման պատճառների մասին պաշտոնյան չխոսեց, միայն ասաց, որ աշխատանքը կատարվելու է փուլերով, ժամկետ նշելը դժվար է:
«Հիմնական պատճառը Հայաստանի շուկայի փոքր լինելն է։ Ոչ մի ճանաչված ու բարձր ռեյտինգ ունեցող մատակարար ընկերություն անձնագրեր մատակարարելու շահագրգռություն չունի, որովհետև ՀՀ բնակչության թիվը փոքր է, և ֆինանսական առումով մեր երկիրը գայթակղիչ չէ։ Այդ խնդիրը մեկ լուծում ունի. ՀՀ–ն պետք է ինքը տպագրի իր քաղաքացիների անձնագրերի բլանկները»,– ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ 2012-13թթ–ին անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնում աշխատելիս ինքն անձամբ է բախվել խնդրին։
«Համենայնդեպս այն ժամանակ, երբ մենք փորձում էինք խնդրին լուծում գտնել, հայտնի խոշոր ընկերությունները` գերմանական, ֆրանսիական, Հայաստանի հայտարարած տենդերին մասնակցելու շահագրգռություն չէին դրսևորում»,– հիշում է մեր զրուցակիցը։
Նախկին պաշտոնյայի գնահատմամբ` ՀՀ–ում այսօր կան մասնավոր ընկերություններ, որոնք պետական համաֆինանսավորմամբ վերազինվելու դեպքում կարող են միջազգային ստանդարտներին համապատասխանող անձնագրեր տպագրել։ Բացի այդ, պետությունը կարող է նաև պետական ձեռնարկություն հիմնել և պետական ֆինանսավորմամբ փաստաթղթերի տպագրություն իրականացնել։
Քոչարյանի խոսքով` այդ տարբերակը ձեռնտու է ոչ միայն մատակարարումների հնարավոր խնդիրներից խուսափելու, այլև անվտանգության տեսանկյունից։
«ՀՀ–ն պետք է ինքը ստանձնի իր քաղաքացիների բիոմետրիկ անձնագրերի տպագրությունը և պահպանման, տեղափոխման անվտանգությունը»,– շեշտեց նա։
Հիշեցնենք` 2011թ–ից ՀՀ քաղաքացիների անձնագրերի ու նույնականացման քարտերի տպագրությամբ զբաղվում էր լեհական PWPW ընկերությունը։ Պայմանագրի ժամկետը 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվեց, ու քանի օր Հայաստանի կառավարությունը մինչ օրս նոր մատակարար չի գտել, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը պարբերաբար երկարաձգվում է։