Բրյուսելում քննարկվել է Հայաստանին ոչ մահաբեր սպառազինությունների տրամադրման հարցը. ԱԳՆ

Վահան Կոստանյանն ու Էնրիկե Մորան
Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում 2024թ.–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Այսօր Բրյուսելում քննարկվել է «Եվրոպական խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին ոչ մահաբեր տեսակի սպառազինությունների տրամադրման աջակցության հարցը: Այս մասին ասվում է Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի արդյունքներով արված հայտարարության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ այդ հայտարարության` Հայաստանը հաստատել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում առաջնորդների հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը, ԵՄ-ն էլ ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը՝ որպես տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղություն և համագործակցություն հաստատելու Հայաստանի կառավարության հանձնառության դրսևորում:
ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ ամրագրված 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով, կողմերին տրամադրված ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա սահմանազատմանը, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ փոխադարձության և հավասարության հիման վրա։
Կողմերը քննարկել են ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ընդլայնման հնարավորությունը:
Վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսիք են Սև ծովի ստորջրյա էլեկտրաէներգիայի և ինտերնետ մալուխների նախագծերը:
ԵՄ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը (29.800 քառ. կմ) և սահմանների անձեռնմխելիությանը և ողջունել ԵՄ հետ առավել սերտ համագործակցության Հայաստանի պատրաստակամությունը:
Կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից զանգվածային բռնի տեղահանված հայ փախստականների խնդիրներին` վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումներն առ այն, որ պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում` վերադարձի իրավունքը:
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի առումով կողմերը հույս են հայտնել, որ մինչ այժմ ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ, հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կկոչվեն»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան:
Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում 2024թ.–ին, իսկ առաջին նիստը կայացել էր այս տարվա հունվարին։