ՀՀ–ն չի պատրաստվում ՀԱՊԿ–ից դուրս գալ. Փաշինյան

ՀՀ վարչապետը պատասխանեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին` ՀՀ զինվորական և քաղաքական մի շարք պաշտոնյաներ վերջին շրջանում հրաժարվում են մասնակցել ՀԱՊԿ կամ ռուսական կողմի նախաձեռնած միջոցառումներին, ի՞նչ է սա նշանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ–ն չի պատրաստվում ՀԱՊԿ–ից դուրս գալ։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, որ ՀՀ զինվորական և քաղաքական մի շարք պաշտոնյաներ վերջին շրջանում հրաժարվում են մասնակցել ՀԱՊԿ կամ ռուսական կողմի նախաձեռնած միջոցառումներին, ի՞նչ է դա նշանակում։
«Այս քայլով արդյոք ՀԱՊԿ–ից դուրս գալու քա՞յլ եք նախապատրաստում։ Եթե այո, ապա ի՞նչ անվտանգային համակարգով ենք այն փոխարինելու։ Եթե չեք պատրաստվում դուրս գալ, ապա ճի՞շտ ենք հասկանում, որ նեղացկոտ երեխայի այս քաղաքականությամբ եք որոշել ՀԱՊԿ անդամներին և մասնավորապես ՌԴ–ին, այսպես ասած, խելքի բերել»,– հետաքրքրվեց Խամոյանը։
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե նույնիսկ ձեր հնչեցրած բառապաշարին չկարողանամ արձագանքել, ինքնին որևէ լռություն չի նշանակում, որ Ձեր արած որևէ ձևակերպման հետ համաձայն եմ։ Ես խորհուրդ կտայի Ձեզ նման բառապաշար չօգտագործել։ ՀՀ–ն չի պատրաստվում ՀԱՊԿ–ից դուրս գալ, ու մեր մտքում էլ դա չկա»։
Նա ընդգծեց, որ ոչ թե հրաժարվել են մասնակցել ՀԱՊԿ և մյուս այլ միջոցառումներին, այլ ներկա չեն գտնվել տարբեր այլ պատճառներով։
«Ես որևէ այլ բանի համար հող չեմ նախապատրաստում, քանի որ այդ հողը կամ կա, կամ չկա` անկախ մեր նախապատրաստելուց։ Ձեր մյուս հարցին, թե ի՞նչ անվտանգային համակարգով ենք պատրաստվում աշխատել… ՀԱՊԿ–ում տեղի ունեցող գործընթացների ու մեր ունեցած դիրքորոշման հետ կապված ամենակարևոր արձանագրումն այն է, որ, ցավոք, ՀԱՊԿ–ն, ի հեճուկս իր ունեցած դե յուրե պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել ՀՀ անվտանգային մարտահրավերներին, և դա կրկնվել է մի քանի անգամ։ Մենք, ամենայն հարգանքով մեր գործընկերների նկատմամբ, մեր հանրության համար էլ անհասկանալի է, թե ինչու ենք մենք ամեն անգամ գնում նույն բաներն ասում ու կրկնում, ապա չստանալով որևէ արձագանք` թողնում, վերադառնում ենք»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ ՀԱՊԿ–ն հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին ՀՀ–ում, իսկ այդ պայմաններին լուռ համաձայնելով` ՀՀ–ն կարող է կասկածի տակ դնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելը հարվածի տակ է դնում ՀՀ անվտանգությունը. Օհանյան
«Մեզ ասել են, որ ՀԱՊԿ առաքելություն են ուղարկում ՀՀ, մենք ասել ենք` ցույց տվեք` կոնկրետ որտեղ եք ուղարկելու, մեզ ցույց չի տրվել։ Մենք ենք ցույց տվել, իսկ ՀԱՊԿ–ն համապատասխան արձանագրում չի արել։ Իսկ քանի դեռ չի արել, մենք չենք կարող առաքելություն ընդունել, քանի որ կստացվի, որ ՀՀ–ի մասին լղոզված պատկերացումը լեգիտիմացնում ենք, իսկ այդ պայմաններում Ադրբեջանի ներխուժումն էլ ենք լեգիտիմացնում»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ–ն իր անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնում է, քանի որ մեր ռազմավարական գործընկերները նաև օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում մեզ զենք վաճառել։ Դրա համար, ըստ նրա` ՀՀ կառավարությունը փնտրում ու գտնում է նոր անվտանգային գործընկերներ, կնքում է պայմանագրեր, ձեռք է բերում սպառազինություն։