ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին հանձնաժողովից։
«Որոշումը կայացվել է հանձնաժողովի այսօրվա նիստում»,- նշեց ՀԾԿՀ-ի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն կվաճառվի կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։ «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3–ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:
Որոշման նախագծում նշված էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն:
Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերը: Գործարքինդեմ էր հանդես եկել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։