ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Տավուշի մարզ։ Տեղեկությունը X-ի էջում հայտնում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու ԵՄ դիտորդները Տավուշի մարզում
© Photo : Х / European Union Mission in Armenia
«ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է ԵՄ առաքելությանը` Տավուշի մարզի շրջանների պարեկության գործում։ Այցը կազմակերպել է Իջևանում առաքելության ներկայացուցչությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ Երևանում: