ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբեր–Sputnik. Հայաստանը եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուղղորդմամբ, խիստ ռիսկի է գնում և կարող է կտրվել տարածաշրջանային ենթակառուցվածքներից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ն շատ տեղերում են հանդես գալիս իբրև երաշխավոր, բայց քիչ տեղերում է նրանց հաջողվում ինչ-որ լավ ու դրական բան անել։ Հաճախ նրանք շատ բան խոստանում են, քիչ բան անում, և իրավիճակը օգտագործում են բացառապես իրենց նպատակների համար: Ռուսատյացությունը նրանց օրակարգում է, հակառուսական քայլերը նրանց համար ճանապարհային քարտեզ է»- ասաց Մարիա Զախարովան։
Նրա պնդմամբ` ԱՄՆ-ն և ԵՄ-ն անտարբեր են տարածաշրջանի երկրների ապագայի նկատմամբ։ Նրանց նպատակը բոլորին իրար դեմ հանելն է։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ Երևանում:
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան: