ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության 22 միջնակարգ դպրոցում (2-ական դպրոց Երևանում և յուրաքանչյուր մարզում) վերահսկողական միջոցառումներ են անցկացվել և դրանցից 5-ում խախտումներ են արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Այս միջոցառումներն արվել են 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մեկնարկած ուսումնական տարում հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով։
Խախտումներ արձանագրվել են միայն 4 մարզի 5 դպրոցում։
Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոցում սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, պատուհաններ չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
Ձորաղբյուրի «Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է ժամկետանց հավի ձու և մածուն, Աչաջրի «Հ․ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում դպրոցի ճաշարանի 4 աշխատակիցներն էլ նախնական բժշկական զննություն չեն անցել։
Շիրակի մարզում 2 դպրոցում է խնդիր եղել` «Հոռոմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։
Հոռոմի դպրոցում հայտնաբերվել է անհայտ ծագման հավի կրծքամիս՝ առանց մակնշման, առանց հայերեն մակնշման «Чистое золото» արևածաղկի ձեթ, ինչպես նաև կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված պանրային մթերք «Չանախ», իսկ Ամասիայի դպրոցում խոհանոցի պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, պատերը նորոգված չեն եղել, անհարթ են եղել, ինչի պատճառով հնարավոր չի եղել պատշաճ մաքրել և ախտահանել, առաստաղը պատված է եղել բորբոսներով: Հայտնաբերվել է նաև առանց հայերեն մակնշման հնդկաձավար, ոսպ և լոբի։
ՍԱՏՄ–ն խախտումները վերացնելու կագադրագրեր է տվել դպրոցներին, իսկ ժամկետանց և անհայտ ծագմամբ սննդամթերքը տեղում ոչնչացվել է: