Եղիշե Մելիքյանը հրաժարվել է ՀՖՖ–ի մրցանակից

Եղիշե Մելիքյան
«Փյունիկի» գլխավոր մարզիչը կարծում է, որ լավագույններին որոշելու կարգում թափանցիկություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրաժարվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տրամադրած` Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակից։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մելիքյանը կարծում է, որ լավագույնների որոշման կարգում թափանցիկություն ու չափորոշիչներ չկան։
«Արդարություն այս հարցով չեմ տեսնում, այնպես է ստացվում, որ երբ ցանկանում են, մրցանակը տալիս են, երբ ոչ` ոչ, իսկ ես, երբ ցանկանում եմ, ընդունում եմ այն, երբ ոչ` ոչ: Այս անգամ որոշել եմ չընդունել»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ 2022 թ–ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Եղիշե Մելիքյանին ճանաչել էր Հայաստանի լավագույն մարզիչ։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է` ակումբի ու ֆեդերացիայի միջև հակամարտություն է ընթանում։
Անցյալ տարվա նոյեմբերից մինչև մրցաշրջանի ավարտը ՀՖՖ-ն ակումբին Ավանի ակադեմիայում մարզադաշտ չտրամադրեց մարզումներ անցկացնելու համար։ Հետո ՀՖՖ-ն միակողմանի խզեց «Փյունիկին» սեփական հարկի տակ` Աբովյանի մարզադաշտում, խաղեր անցկացնելու հնարավորության պայմանագիրը, միաժամանակ նաև արգելք դրեց Արմավիրի մարզադաշտում խաղեր անցկացնելու վրա (Արմավիրի մարզադաշտը «Փյունիկի» համար համարվում էր պահեստային)։ Ինչից հետո ակումբը դատի տվեց ՀՖՖ–ին։