ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Իսրայելական բանակն առաջին անգամ Գազայի հատվածի հարավում գտնվող մի շարք շրջանների բնակիչներին կոչ է արել անհապաղ լքել իրենց տները և ապաստարան գնալ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Իսրայելական ինքնաթիռներից նետված հայտարարություններում ՑԱԽԱԼ-ը դիմել է Խան-Յունիսի արևելյան թաղամասերի բնակիչներին:
«Ձեր անվտանգության համար դուք պետք է անհապաղ լքեք ձեր բնակավայրերը և գնաք ապաստարաններ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի կառավարության ղեկավարի ներկայացուցիչը «Sky News Arabia»-ին հայտնել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո իսրայելական բանակի ռազմական գործողությունները կտեղափոխվեն հարավ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։