Տիգրան Համասյանը հրավիրված երաժիշտների հետ համերգներով հանդես կգա Երևանում

Տիգրան Համասյանի ասուլիսը
Ճանաչված կոմպոզիտորը մանրամասներ ներկայացրեց Երևանում սպասվող համերգներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը 2023 թվականի իր համաշխարհային շրջագայության ընթացքում նոյեմբերի 20–ին, 21–ին և 22–ին համերգներով հանդես կգա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում: Այս մասին Համասյանը հայտնեց ասուլիսի ընթացքում։
«Այս համերգաշարն իմ 5-6 տարվա կատարած աշխատանքի ամփոփումն է լինելու։ Ծրագրում ընդգրկված են սոլո ֆորմատ, դուետ, տրիո։ Ավելի շատ իմ ստեղծագործություններն են լինելու, որոնք ստեղծվել են 2013 թվականից սկսած և այստեղ չեն կատարվել»,–ասաց Համասյանը։
Տիգրան Համասյանի ասուլիսը
Նրա խոսքով` նոյեմբերի 20-ին «Տիգրան Համասյան տրիո»-ի կատարմամբ կհնչեն «ՍտանդԱրտ» նոր ալբոմի ստեղծագործությունները, որոնք ամբողջապես ներկայացնում են 1920-1950 թվականների հանրահայտ ջազ ստանդարտների` Համասյանի կատարած մշակումները: Համերգին կմասնակցեն կոնտրաբասահար Ռիք Ռոզատոն (Նյու Յորք) և թմբկահար Ջոնաթան Փինսոնը (Լոս Անջելես):
Նոյեմբերի 21-ին Տիգրան Համասյանը ավելի շատ ելույթ կունենա որպես մենակատար, ինչպես նաև զուգանվագով հանդես կգա հրավիրյալ սաքսոֆոնահար Տրիգվե Սեիմի հետ (Նորվեգիա): Համերգային ծրագրում ընդգրկված են Համասյանի սոլո ալբոմների հայտնի ստեղծագործությունները:
Նոյեմբերի 22-ին «Տիգրան Համասյան էլեկտրիկ տրիոն», որի կազմում են դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Նյու Յորքից հրավիրված բաս կիթառահար Էվըն Մարիենը և թմբկահար Նեյթ Վուդը, հանդես կգա Համասյանի հեղինակային ստեղծագործությունների կատարմամբ: Հայաստանյան շրջագայության ընթացքում նախատեսվում են նաև վարպետաց դասեր հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգասրահում։
Նախագծի փակմանը ելույթ կունենա վիրտուոզ թմբկահար Նեյթ Վուդը` իր հատուկ ծրագրով: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, ժամը 20:00-ին, «Hard Rock Cafe Yerevan»-ում:
Հավելենք, որ Հայաստան հրավիրված երաժիշտներից Նեյթ Վուդը «Գրեմմի» մրցանակաբաշխության նոմինանտ է, տիրապետում է մի քանի երաժշտական գործիքի` անալոգային սինթեզատորներ, հարվածային գործիքներ, բաս–կիթառ, կիթառ։ Վուդը տիրապետում է նաև վոկալ հմտությունների։
Ջոնաթան Փինսոնն ամերիկացի թմբկահար է և զգալի ավանդ ունի երաժշտական զանազան ժանրերի զարգացման գործում։ «Boom Clap»–ի ղեկավարը նաև միջազգային համբավ վայելող մանկավարժ է։
Տիգրան Համասյանի ասուլիսը
Էվըն Մարիենը բաս–կիթառահար է, կոմպոզիտոր և պրոդյուսեր։ Նա առավելապես հայտնի է իր մենանվագ ձայնագրություններով։
Հայաստանում ելույթ կունենա նաև կոնտրաբասահար Ռիք Ռոզատոն, որը կարճ ժամանակահատվածում դարձել է աշխարհի ամենապահանջված կոնտրաբասահարներից մեկը։