«Սիթի Բայք»–ին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեության լիցենզիա.ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է

ՀՀ կենտրոնական բանկը
Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել «Սիթի Բայք» ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Սիթի Բայք» (Citi bike) ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, այն գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
«Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀՀ–ում գործունեություն իրականացնող «Սիթի բայք» (Citi bike) ընկերությունը հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ` հանդես գալով տրամադրված դրամական միջոցների դիմաց «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով»,–նշված է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է դրամական միջոցներ` չունենալով ՀՀ կենտրոնական բանկի կողմից որևէ լիցենզիա:
«Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, որը կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների»,–նշված է հաղորդագրության մեջ:
Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու համար ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է օգտվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից` այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք` www. cba.am։ Կայքում հասանելի է ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական այն կազմակերպությունների ցանկը, որոնք ՀՀ տարածքում իրավունք ունեն հանդես գալ հրապարակային առաջարկներով և զբաղվել օրենսդրությամբ թույլատրված գործունեությամբ: