Սիրիան պատրաստ է պաշտպանել ՀՀ շահերը միջազգային հարթակներում․ ԱԳ նախարար

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադին ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանը
Սիրիայի ԱԳ նախարարը խստորեն մերժել է արտատարածքային միջանցքի որևէ գաղափար, որը կարող է հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ Սիրիան պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերն այն միջազգային կազմակերպություններում, որոնց Հայաստանը չի անդամակցում: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի և հաղորդակցության վարչությունը։
«Հակոբ Արշակյանը գնահատել է Սիրիայի աջակցությունն այն կազմակերպություններում, որոնց Հայաստանն անդամ չէ, և որոնց շրջանակներում Ադրբեջանը ջանքեր է գործադրում հակահայկական գործունեություն ծավալելու համար՝ միջազգային հանրությանը մոլորեցնող կեղծ հռետորաբանություն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ բացասական պատկերացում տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարն աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը։ Նա անընդունելի է համարել ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ խախտում։ Նախարարը նաև աջակցություն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ենթակառուցվածքների ապաշրջափակման հայկական նախաձեռնությանը։ Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խստորեն մերժել է արտատարածքային միջանցքի որևէ գաղափար, որը կարող է հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է Սիրիայի հայկական համայնքի յուրահատուկ դերակատարումը երկու երկրների և ժողովուրդների միջև հաստատված ամուր կապերի համար: Արշակյանը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին՝ հայկական համայնքի, մեր մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։
ԱԺ փոխխոսնակը շեշտել է, որ Հայաստանը պահպանում է իր դիրքորոշումը Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված որոշումների և բանաձեւերի օգտին քվեարկելու միջոցով։ Այս համատեքստում նա մատնանշել է «Միջուկային զենքից ազատ գոտու ստեղծումը. Մերձավոր Արևելքի տարածաշրջանը», «Միջուկային զենքի տարածման ռիսկը Մերձավոր Արևելքում»:
Անդրադարձ է կատարվել Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողություններին:
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով նոյեմբերի 12-16-ը Դամասկոս են գործուղվել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը և Շիրակ Թորոսյանը։
Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը տարածաշրջանում առկա իրավիճակը քննարկել էր Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։