Քաղաքական դեմարշ է. Ռուստամյանը մեկնաբանել է ՀԱՊԿ նիստին չմասնակցելու` Փաշինյանի որոշումը

Ըստ պատգամավորի` սա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ ՀՀ–ի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին չմասնակցելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական դեմարշ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի կարող մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։
«Արդեն որերորդ դեպքն է, որ առաջին դեմքերով չեն մասնակցում։ Ես, իհարկե, կհասկանայի, եթե ՀՀ-ի քաղաքականությունն այն լիներ, որ փոխլրացնեինք մեր անվտանգության ծավալը։ Սակայն այստեղ ավելի շատ խոսքը ոչ թե փոխլրացման մասին է, այլ ճամբարափոխության մասին»,– ասաց Ռուստամյանը։
Ըստ պատգամավորի` սա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ ՀՀ–ի համար, քանի որ երկիրը իր ճամբարը փոխում է ՌԴ-Արևմուտք հակամարտության ժամանակ։
«Մենք իրավունք չունենք այդ հակամարտության զոհը դառնալ։ Այդ ճամբարներից որ մեկն էլ մեր դեմ դուրս եկավ` մենք ունենալու ենք լրջագույն կորուստներ»,– ասաց նա։
Նրա կարծիքով` այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ ՌԴ-Արևմուտք հակամարտության թատերաբեմ դառնա Հայաստանը։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն վերջնական տեսքի չի բերվել։ Հայաստանը ՀԱՊԿ–ից քաղաքական գնահատական էր պահանջում Ադրբեջանի կողմից 2022–ի սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված։
Դրանից հետո փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից (միևնույն ժամանակ համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ)։
Այս տարվա հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ու Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրեց ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ–ին։ Նա նաև հայտարարեց, թե այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ–ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։