ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերն այսօր քննարկվել են Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի, խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը, անդրադարձ է կատարել Գրանադայի հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներին:
«Ներկաների կողմից ընդգծվել է աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունների ֆոնին Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պահպանելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Խոսվել է երկկողմ քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի մասին, կարևորվել է նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումով տրվել է ՀՀ–ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
Հավելենք նաև, որ նոյեմբերի 13–ին Լոնդոնում պաշտոնապես բացվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքը, որի ձեռքբերման համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգ (ավելի քան 8 մլրդ դրամ)։