ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար Արցախի էջը փակված չէ։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
«Ես հասկանում եմ, որ միգուցե շատերի համար դժվար է կամ իրատեսական չէ, բայց պետք է այդպես չմտածենք, պետք է էջը փակված չհամարենք և պետք է վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք։ Դրա համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը, խոսքը իշխանության մասին է։ Ու նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների պահանջը պետք է իրենց միջոցով հստակ ձևակերպվի»,- ասաց Քոչարյանը։
Նա նշեց` Արցախի կորստի համար մեղավոր է Հայաստանի իշխանությունը։
«Այս ամենը եղավ պատերազմից հետո սխալ որոշումների հետևանքով։ Իմ համոզմամբ` միանշանակ Հայաստանի իշխանությունն է առաջին ու հիմնական պատասխանատուն», - ընդգծեց Քոչարյանը։
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր երդվեց Ազգային ժողովում՝ անցնելով պատգամավորական լիազորությունների կատարմանը։