ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված բուժաշխատողների համար շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունենալու պահանջը պետք է երկարաձգել մինչև 2025 թ. հունվարի 1–ը։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ կառավարությունը` Ազգային ժողով ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն իր խոսքում նշեց, որ գործող օրենսդրությամբ ՀՀ–ում աշխատելու համար ավագ և միջին բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանում են 5 տարվա ընթացքում տարբեր կոնֆերանսների, դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ստացած կրեդիտների հավաքագրման արդյունքում։
Այդպիսով, ավագ բուժաշխատողները պետք է ունենան 220 կրեդիտ, դեղագետները` 160, միջին բուժաշխատողները` 140, դեղագործները` 100 կրեդիտ։
«Արցախցիները չունեն այդ հավաստագիրը, քանի որ ԼՂ–ում նման կարգավորում չկար։ Խնդրին լուծում տալու համար ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել այս նախագիծը` երկարաձգելու այս նորմի կիրառումը ԼՂ–ից բռնի տեղահանված բուժաաշխատողների համար մինչև 2025 թ. հունվարի 1–ը»,– ընգծեց նախարարի առաջին տեղակալը։
Նանուշյանը նաև նշեց, որ այս պահի դրությամբ ԼՂ–ից բռնի տեղահանված 100 բուժաշխատող արդեն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը Ազգային ժողովը կքննարկի ու կքվեարկի հրատապության` 24–ժամյա ռեժիմով։