ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում զինապարտության տարիքը կարող է բարձրացվել մինչև 40 տարեկան։ Ըստ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի` դա անհրաժեշտություն է։
«Կարծում եմ, որ Հայաստանում սահմանված զորակոչային տարիքը (18-27 տարեկան) շատ ցածր շեմ է։ Մոտ ժամանակներս ես կնախաձեռնեմ այդ շեմը մինչև 40 տարի բարձրացնելու հարցի քննարկում», - ասաց նա։
Նա օրինակ բերեց այլ երկրները, որտեղ զորակոչային տարիքն ավելի բարձր է, քան Հայաստանում: Ադրբեջանում զորակոչային տարիքը 19-40 տարեկան է, Թուրքիայում ՝ 20-41, Հունաստանում ՝ 19-45, Սիրիայում ՝ 18-42։
Նա կարևորեց այս որոշումը, որը թույլ կտա մարդկանց ավելի բարձր տարիքում ծառայել ԶՈւ–ում, այլ ոչ թե դատապարտվել անազատության։
«Սա շատ կարևոր է, քանի որ այս պահին 5000 մարդ գտնվում է քրեական հետապնդման մեջ` այս հարցով, եթե նրանք բոլորը վերադառնան, գործող օրենքով կդատապարտվեն ազատարկման, պետությունն իրենց վրա տարեկան կծախսի ավելի քան 1 մլն դրամ, պետությունը ոչինչ նրանցից չի շահի, միայն կտուժի։ Ես նպատակ ունեմ, որ մենք իրենցից շահ ստանանք` գումարի և ծառայության տեսքով»,– ասաց պատգամավորը։
Ավելի վաղ Հայկ Սարգսյանը մանրամասներ էր ներկայացրել օրինագծի վերաբերյալ, որը թույլ կտա 27 տարեկանից բարձր չծառայած մարդկանց խուսափել քրեական հետապնդումից ՝ ծառայելով բանակում կամ գումար փոխանցելով բյուջե: