ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը օրենսդրական առաջարկներ է պատրաստում Սոմալիից, Եմենից, Սիրիայից և այլ երկրներից փախստականների ժամանման պատճառով Ռուսաստանի հետ սահմանին անցակետերի աշխատանքը սահմանափակելու համար: Տեղեկությունը հայտնել է ՆԳՆ ղեկավար Մարի Ռանտանենը ճեպազրույցի ժամանակ։
«ՆԳՆ-ն առաջարկություն է պատրաստում, որի համաձայն սահմանի հատման կետերը կփակվեն կամ դրանց աշխատանքը կսահմանափակվի։ Գործող օրենսդրությունը թույլ է տալիս դա անել», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նախարարը։
Անցյալ շաբաթ Ռուսաստանից ֆիննական սահման է ժամանել 71 ապաստան հայցող։
«Այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի իշխանության հետ, սակայն ցանկալի արդյունք չի տվել», - ասել է նախարարը:
Նա նշել է, որ, հավանաբար, դրանք կլինեն ոչ թե այնպիսի մեղմ միջոցներ, ինչպիսին, օրինակ, սահմանային անցակետերի աշխատանքային ժամերի սահմանափակումն է, այլ ավելի կոշտ՝ ընդհուպ մինչև անցակետի փակումը:
2015-2016 թվականներին Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից փախստականների զանգվածային ժամանումից հետո (Ռուսաստանից հյուսիսային անցակետերով) Ֆինլանդիան օրենսդրական բարեփոխում է իրականացրել, որը թույլ է տալիս փակել սահմանի առանձին անցակետեր: