Ե՞րբ և ի՞նչ հիմքով են ԼՂ–ի բնակիչներին տրվել ՀՀ անձնագրեր. պարզաբանում է Արմեն Ղազարյանը

Անձնագիր
ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը Ազգային ժողովում ներկայացրեց այն համաձայնագիրը, ըստ որի` ԼՂ–ի բնակիչներին տրվել է ճամփորդական անձնագրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԼՂ–ի բնակիչներին տրվել են ճամփորդական անձնագրեր առաջին հերթին իրենց ազատ տեղաշարժի իրավունքները իրացնելու համար։ ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա խոսեց ՄԻԵԴ-ում «Չիրագովն ընդդեմ ՀՀ» գործի մասին, որտեղ ուղղակիորեն մեջբերվում է 1999 թ. փետրվարի 24–ին ստորագրված ՀՀ և ԼՂ միջև համաձայնագիրը։
«Այս համաձայնագրում նշված է, որ ՀՀ–ն իր անձնագրերը տրամադրում է ԼՂ–ի բնակիչներին` որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիության հավաստում»,– ընդգծեց նա։
Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ «Չիրագովն ընդդեմ ՀՀ» գործով որոշման առաջին մասը տրամադրվել է 2015 թ., իսկ 2–րդ մասը` 2017 թվականին։
Նշենք, որ ՀՀ գործադիրը հոկտեմբերի 26-ին ԼՂ բնակչությանը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու և փախստական ճանաչելու որոշում է կայացրել։