ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ ոչ մի երկրում դիզվառելիքի գինն այնքան բարձր չէ, որքան ՀՀ–ում։ Այս մասին ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ նրա` իշխանությունների անգործության արդյունքում ուղիղ վնաս է հասցվում քաղաքացու գրպանին։
«Վերջին ամիսներին առանց տնտեսագիտական հիմնավորումների թանկանում է դիզվառելիքը։ Հեղուկ գազի արժեքը 160 դրամից դարձել է 220 դրամ, իսկ բենզինի պրեմիում տեսակի 1 լիտրը հատել է 570 դրամի սահմանը։ Սա վկայում է ոլորտում վերահսկողության լիակատար բացակայության մասին։ Հարցով նախևառաջ պետք է զբաղվեր ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովը, մինչդեռ ոչ միայն չի ուսումնասիրում գնաճի պատճառները, այլև հանձնաժողովի նախագահնասել է, որ իրենց պատկերացմամբ` բենզինի գները դեռ մի բան էլ ցածր են»,– ընդգծեց նա։
Պատգամավորը չի բացառում, որ ՄՊՀ նախագահի այս արտահայտությունն էլ առիթ է տվել բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ ավելի բարձրացնել բենզինի արժեքը։
«Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասում էր` եթե բենզինի գինը բարձրանում է, եկեք բրդեք մեքենաները, կարագը թանկացել է, եկեք խառը կանաչի ուտենք… Եվ սա ասում է մի մարդ, որի օրոք անկում են ապրում գրեթե բոլոր ոլորտները ու կանգնել ենք անվտանգային նոր մարտահրավերների առաջ»,– հայտարարեց Դանիելյանը։
Ըստ նրա` խնդրահարույց է նաև դիզվառելիքի որակը։ Բացի այդ, նա մտավախություն ունի, որ առաջիկայում կբարձրանա նաև գազի գինը։