Շուրջ 14 տարի առաջ 19-ամյա Մարինեն (անունը փոխված է` խմբ.), մտածելով, թե մեկնում է ԱՄՆ` բարձր վարձատրվող աշխատանքով զբաղվելու, խաբեությամբ հայտնվել է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում։ Ծնունդով Արագածոտնի մարզից և սոցիալապես անապահով ընտանիքից Մարինեին խոստացել էին, որ նա ԱՄՆ–ում լինելու է 2-ամյա երեխայի դայակ, բայց արդյունքում մնացել է Դուբայում` որպես մարմնավաճառ։
Նա հավատացել էր իր հարևանուհուն` Շուշանին (անունը փոխված է- խմբ.), որն էլ ասել էր, թե իր բարեկամը կարող է օգնել բարձր վարձատրվող աշխատանք գտնելու հարցում։ Գումարն անհրաժեշտ էր եղբոր բուժման, ինչպես նաև ընտանիքը պահելու համար։ Ու հենց սա է եղել պատճառը, որ, 60.000 դրամ ստացող մատուցողուհու աշխատանքը թողնելով, Մարինեն ռիսկի է դիմել ու համաձայնել է մեկնել Լոս Անջելես, որտեղ իր վարձավճարն իբրև թե ամսական 700 դոլար էր լինելու։
Թռիչքը` Դուբայով, ԱՄՆ մեկնելը` միֆ
Շուրջ 2 ամիս անց բոլոր «փաստաթղթերը» պատրաստ էին, ԱՄՆ–ի վիզան էլ կեղծվել էր` սովորական թղթի վրա տպագրված վիզայի կրկնօրինակ էր տրվել Մարինեին, տոմսն էլ առհասարակ չէր տեսել։ Զարմացել է, որ անգամ դեսպանատուն գնալու անհրաժեշտություն չի եղել, վիզան էլ նման տարբերակով է եղել, բայց Հրանուշը` Շուշանի բարեկամուհին, համոզել է, թե ձևերը փոխվել են։
Արդեն «Զվարթնոց» օդանավակայանում իմացել է, որ թռիչքը Երևան–Դուբայ ուղղությամբ է լինելու, սակայն ոչինչ չի կասկածել, ուղղակի ուրախ է եղել, որ այդքան մոտ է իր երազած կյանքին։
Հրանուշն արդեն օդանավակայանում 300 ԱՄՆ դոլար է տվել Մարինեին, որպես ճանապարհածախս ու ասել, որ Դուբայում իրեն կդիմավորի իր ծանոթներից մեկը` Ռուզաննան (անունը փոխված է- խմբ.), իսկ մի քանի ժամ անց էլ կճանապարհի ԱՄՆ։
Արդեն Դուբայում Ռուզաննան նրանից վերցրել է անձնագիրը, իբրև թե որոշ գործընթացներ կան անելու մինչ ԱՄՆ մեկնելը։ Հետո Մարինեին ուղեկցել են մի բնակարան, որտեղ նա միայնակ է մնացել արաբ անծանոթ տղամարդու հետ։ Հենց այսպես էլ սկսվել է ոչ թե դայակի, այլ մարմնավաճառի «աշխատանքային ուղին»։
Մարինեն կարողացել է թաքուն զանգել մորը, ասել, որ անձնագիրը վերցրել են, ստիպում են Դուբայում մարմնավաճառությամբ զբաղվել, բայց մայրը չի հավատացել, թե իրենց հարևանուհին կարող է նման բան անել։
«Մորս զանգելուց հետո, այդ արաբ մարդը մոտեցավ ինձ, ասաց, որ զարմացած չնայեմ իրեն, սովորական մարմնավաճառ եմ, ընդամենն իմ գործը պետք է անեմ։ Տեսնելով վիճակս` փորձեց բռնաբարել։ Եվ որպեսզի ինձ չտանջի, չհարվածի, ուղղակի որոշեցի չընդդիմանալ»,– պատմում է Մարինեն։
Շուրջ 5 տարի տևած դժոխքը
Մարմնավաճառությամբ զբաղվել և այդ ստիպողական պայմաններում Մարինեն ապրել է 4.5 տարի։ «Աշխատած» գումարները Ռուզաննան վերցրել է ու ոչ մի լումա Մարինեին չի տվել։
«Դժոխային տարիներ էին, երեք անգամ փորձել եմ ինքնասպան լինել, Ռուզաննան է փրկել, ասում էր, որ միևնույնն է` շարունակելու եմ իրենց ուզածով շարժվել։ 4.5 տարի ընտանիքիցս լուր չեմ ունեցել, նույնն էլ` իրենք։ Արդեն այստեղ (Հայաստանում` խմբ.) իմացա, որ մայրս ինձ գտնելու փորձեր է արել, բայց ապարդյուն»,– նշեց Մարինեն։
Դատական գործն արդեն մի քանի տարի է` ավարտված է, փակ քննություն է տարվել, թրաֆիքինգի ենթարկելու եղանակով նյութական օգուտ ստանալու նպատակով ստեղծված խմբի ղեկավարը` Ռուզաննան, ներկայում անազատության մեջ է և դեռ երկար է պատիժը կրելու։
Վերադարձ Դուբայից
«Ինձ փախչել չհաջողվեց, ուղղակի հետ ուղարկեցին Հայաստան, երբ արդեն իրենց համար բեռ էի դարձել։ Ամբողջությամբ կապտուկների մեջ էի, շատ էի նիհարել, վերջին շրջանում սնունդ գրեթե չէին տալիս, որպեսզի ավելի շատ ենթարկվեմ իրենց։ Գիտեին, որ զզվում եմ իմ մարմնից ու վստահ էին` ոչ ոքի չեմ պատմի պատահածի մասին, պարզապես ինքնասպան կլինեմ»,– լացը հազիվ զսպելով` պատմում է նա։
Հայաստանում Մարինեին շատ է ուրախացրել այն փաստը, որ բարեկամների մեծ մասն ու հարազատներն իրեն չեն արհամարհել, չեն հրաժարվել իրենից։ Ընդհակառակը` ամեն կերպ աջակցել են, որպեսզի հոգեբանական խնդիրները հեշտ հաղթահարի։
Չնայած բոլոր հոգեբանական դժվարություններին` այժմ Մարինեն ամուսնացած է։ «Երեք տարի առաջ ենք հանդիպել ու վստահ ասում եմ` ամուսինս կարծես լույս լինի թունելի վերջում, որն ինձ հետ կլինի ամբողջ կյանքի ընթացքում։ Իրեն այնքան եմ ասել այդ մասին, որ հիմա ինքն է ինձ «Лучик» անվանում (ժպտում է` խմբ.)։ Իր հետ եմ հաղթահարում բարդույթներս»,– ասում է Մարինեն։
Ովքե՞ր են հիմնականում ենթարկվում թրաֆիքինգի
Գործազրկությունը, սոցիալ–տնտեսական վատ վիճակը, ցածր իրավագիտակցությունն ու իրազեկվածությունը թրաֆիքինգի գլխավոր պատճառներն են։ Թրաֆիքինգի` աշխարհում ընդունված պրակտիկայում նախկինում կարծրատիպ կար, որ զոհին ընտրում են արտաքինին կամ տարիքին նայելով, սակայն այսօր հստակ ու տարբերակված մոտեցում չկա։
Համաշխարհային տվյալներով` սեռական շահագործման ենթարկված զոհերի ամենատարածված տարիքը 18-30 տարեկանն է (կախված առողջական վիճակից և տեսքից), իսկ աշխատանքային շահագործման ենթարկվում են ոչ միայն մեծերը, այլև 13-16 տարեկանները։
Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների գծով փաստաբան Դավիթ Թումասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ներկա պահին թրաֆիքինգի թվի աճ կա։
Փորձագետը հայտնեց, որ թրաֆիքինգի ենթարկվողների մեծ մասը կանայք են (60 տոկոս)` ամուսնալուծված, միայնակ մայրեր, միջնակարգ կրթություն ունեցող, գործազուրկ, ցածր վարձատրությամբ աշխատանք ունեցող։ Այնուամենայնիվ, շեշտեց, որ այս երևույթի զոհ կարող է դառնալ ցանկացած մարդ։ Երեխաներին էլ հիմնականում շահագործում են, երբ նրանք միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են կամ պարտադիր կրթության ծրագրից դուրս մնացած։
«Դեռ 2020 թվականից մեր երկրում ներքին թրաֆիքինգն է ավելացել։ Համավարակով պայմանավորված սահմանների փակումը հանգեցրեց նրան, որ ՀՀ քաղաքացիները հենց Հայաստանի տարածքում սկսեցին շահագործվել։ Դրան զուգահեռ էլ նվազեցին այն դեպքերը, երբ մեր հայրենակիցներին ուղարկում էին արտերկիր` այնտեղ շահագործելու նպատակով»,– նշեց Թումասյանը։
Նրա խոսքով` տարիներ առաջ Հայաստանում սեռական շահագործման ենթարկելու դեպքերն էին շատ լինում, բայց այժմ մեծ մասամբ մարդիկ ենթարկվում են աշխատանքային շահագործման։ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների շահագործման դեպքերը շատ քիչ տոկոս են կազմում։
Անդրադառնալով հարցին, թե ինչ երկրներ են ուղարկում ՀՀ քաղաքացիներին` փաստաբանը շեշտեց` սեռական և աշխատանքային շահագործման ենթարկելու նպատակակետ երկրներ են հանդիսանում Թուրքիան, ԱՄԷ–ն, միայն աշխատանքային շահագործման էլ ենթարկել են Վրաստանում։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը հաճախ է թրաֆիքինգի ոլորտին առնչվող հարցերով զբաղվել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մարդկանց և՛ սեռական, և՛ աշխատանքային շահագործումն ամենաքիչ մոնիթորինգի ենթարկված ոլորտն է։
«Սովորաբար թրաֆիքինգի ենթարկելու նպատակով հայ կանանց տարել են Եգիպտոս, Թուրքիա, ԱՄԷ, մասնավորապես, Դուբայ։ Այս երկրներ միայն սեռական թրաֆիքինգի ենթարկելու նպատակով չեն տարել, եղել են նաև աշխատանքային շահագործման դեպքեր։ Թրաֆիքինգի ենթարկելու գլխավոր պատճառը աղքատությունն է»,– ասաց Զոհրաբյանը։
Ինչպիսին է պատկերը իրավական դաշտում
«Սպիտակ ստրկությունը» կամ թրաֆիքինգը առկա է գրեթե բոլոր երկրներում: Վիճակագրությունները, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս հուսադրող չեն:
Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ամփոփ տեղեկության` 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է մարդու թրաֆիքինգի կամ շահագործման 14 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10-ով:
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՆԳՆ–ից հայտնել են, որ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումների համաձայն` 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 8 քրեական վարույթ, որոնցից 3-ը վերաբերել է աշխատանքային, իսկ 5-ը` սեռական շահագործմանը։ Աշխատանքային և սեռական շահագործման բոլոր դեպքերը ներքին շահագործման դեպքեր են։
Ըստ նույն հաշվառումների` 2021 թվականին մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով հարուցվել է 10 քրեական գործ, որոնցից 4-ը աշխատանքային, իսկ 6-ը` սեռական շահագործման դեպքեր են։
Աշխատանքային և սեռական շահագործման բոլոր դեպքերում Հայաստանը եղել է թրաֆիքինգի սկզբնաղբյուր երկիր և ոչ տարանցիկ կամ նպատակակետ երկիր։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ գործող Նույնացման հանձնաժողովի կողմից 2022 թվականին նույնականացվել է 6 անձ, 4-ը` սեռական շահագործման ենթարկված կանայք, իսկ 2-ը` աշխատանքային շահագործման ենթարկված տղամարդիկ։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ԱՍՀ նախարարությունից նաև հայտնել են, որ կառավարության կողմից թրաֆիքինգի զոհերի համար նախատեսված պետական բյուջեից տրամադրվող գումարը 2020 և 2021թթ․ կրկնապատկվել է 2019 թվականի համեմատ՝ 19 մլն․ դրամից դառնալով շուրջ 40 մլն․ դրամ։ Բացի այդ, օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջնորդության հիման վրա զոհին/հատուկ կատեգորիայի զոհին տրամադրում են նաև միանվագ դրամական աջակցություն՝ 250000 դրամի չափով։