Ողբերգական վթար Արարատի մարզում. մահացածը Ազատի կացարանի հրդեհի զոհերից մեկի հայրն է

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կա մեկ զոհ, մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նշանակվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ կայքին ասել են, որ մահացածը Ազատ գյուղի զորանոցում այս տարվա հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած զինվորներից մեկի հայրն էր, և հնարավոր է` ավտոմեքենան վարելիս սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: