ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Արսեն Թորոսյանը ՆԳ նախարար Վահե Ղազարյանին առաջարկում է խիստ լինել չամրակապված մեքենա վարելու դեպքերի հանդեպ։ Ֆեյսբուքյան իր էջում նա հայտնել է, որ արդեն համապատասխան գրությամբ դիմել է ներքին գործերի նախարարին՝ հիշեցնելով, որ զանգվածաբար խախտվում են վարորդների և ուղևորների ամրակապման կանոնները։
«Տպավորություն է ստեղծվում, որ Ոստիկանության պարեկային ծառայությունը այդ իրավախախտման նկատմամբ հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում, ինչն անթույլատրելի է, քանի որ վթարների ժամանակ չամրակապված վիճակում լինելը բազմապատիկ ավելացնում է ծանր վիրավորման կամ մահվան ելքերը»,- գրել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ իրավախախտման զանգվածային լինելը հատկապես ակնառու է դարձել այն բանից հետո, երբ օրենքով ավտոմեքենաների ապակիների մգեցման աստիճան սահմանվեց։
Թորոսյանն առաջարկում է ներքին գործերի նախարարին սահմանել ժամկետ, որից հետո վարորդների և ուղևորների չամրակապման նկատմամբ ոստիկանությունն այլևս հանդուրժողականություն չի դրսևորի և տուգանքներ կկիրառի։ Թորոսյանը նաև առաջարկում է հանրային իրազեկման միջոցառումներ կազմակերպել, որպեսզի որևէ վարորդ չկարողանա պնդել, թե ինքը տեղյակ չի եղել։