ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Իտալիան, Շվեյցարիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան հետաքրքրված են հայկական արտադրանքներով` սնունդ, ալկոհոլ, քսուքներ, ակնոցներ և այլն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը։
Այժմ հայաստանյան ձեռնարկատերերն աշխատում են եվրոպացի գործընկերների հետ իրենց ապրանքները տարբեր երկրներ արտահանելու համար։
«Շատերին հետաքրքրում էր` ինչ կարող է լինել, եթե գիտության կոմպոնենտ ունեցող նորարարությունները, գյուտերը տեխնոլոգիաներով կապենք ձեռներեցության հետ ու մտցնենք կոմերցիոն դաշտ։ Մեզ համար կարևոր է, որպեսզի մեր ձեռնարկատերերի արտադրանքները արտահանվեն աշխարհի տարբեր երկրներ։ Մեր կենտրոնի համար կարևոր են եվրոպական երկրներն ու ԱՄՆ մի շարք քաղաքներ։ Մենք այժմ եկել ենք այն եզրահամանգման, որ ՀՀ–ն ունի այդ պոտենցիալը»,– նշեց Մարգարյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը մեկ շնչի համար գրանցվող ձեռներեցների առումով աշխարհում առաջիններից է։
ՆՁԱԿ–ի տնօրենը շեշտեց, որ պետք է 2 պայմանագիր կնքվի գիտնականների հետ, որպեսզի նրանց գյուտերն առևտրայնացվեն, պետությունն էլ հաջորդ տարվանից գումար կհատկացնի Հայաստանում ինստիտուցիոնալ տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակ ստեղծելու համար։ Այսինքն, հնարավոր կլինի ձեռներեցությունն ու նորարարությունները միմյանց կապել։