ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն չի կարող սպառնալ Իրանին, քանի որ Իսլամական Հանրապետությունը այժմ գտնվում է իր հզորության գագաթնակետին, Պաղեստինի նկատմամբ Իրանը պատրաստ է հակամարտության զարգացման ցանկացած սցենարի։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Խաջիզադեն։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ–ն հայտնել էր, որ Վաշինգտոնը բազմիցս կապ է հաստատել Թեհրանի հետ ու իր ուղերձներում Իրանին նախազգուշացնում է չմիջամտել ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի միջև հակամարտությանը։
«Պաղեստինի հաղթանակը չի կարող կորսվել Իսրայելի հանցավոր գործողությունների պատճառով։ Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի կողմից Իրանին սպառնացող վտանգին, ապա Իսլամական Հանրապետությունը այն իրավիճակում չի գտնվում, երբ որևէ մեկը կարող է սպառնալ նրան. մենք մեր հզորության գագաթնակետին ենք», – Խաջիզադեի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Նրա խոսքով` Պաղեստինում պատերազմը էլ ավելի մեծ թափ է առել, դրան միացել է նաև Լիբանանը։ Խաջիզադեն նաև նշել է. «Չի բացառվում, որ պատերազմի մասշտաբներն էլ ավելի կընդլայնվեն, քանի որ ապագան բավական անորոշ է, բայց միևնույն ժամանակ Իրանը պատրաստ է զարգացման ցանկացած սցենարի»։
Հիշեցնենք՝ Իսրայելը հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Դրանից հետո կազմակերպության զինվորականները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել: Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1400 մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, տուժել է ավելի քան 5000-ը:
Ի պատասխան` Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը ՀԱՄԱՍ–ի դեմ։ Մի քանի օրում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը։ Նրանք սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում` քաղաքացիական։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, տուժել է ավելի քան 27,4 հազար մարդ։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է մոտ 150 իսրայելցի լինի։ Շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։