ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով The Times of Israel պարբերականին։
«ՀԱՄԱՍ–ը չունի ուժեր, որոնք կարող են կանգնեցնել Իսրայելի պաշտպանության բանակը։ Իսրայելի պաշտպանության բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով: ՀԱՄԱՍ կազմակերպությունը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում։ Ահաբեկիչները փախչում են դեպի հարավ: Քաղաքացիական բնակչությունը թալանում է ՀԱՄԱՍ–ի բազաները։ Նրանք վստահություն չունեն կառավարության հանդեպ»,– ասել է նախարարը։
Հիշեցնենք՝ Իսրայելը հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Դրանից հետո կազմակերպության զինվորականները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել: Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1400 մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, տուժել է ավելի քան 5000-ը:
Ի պատասխան` Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը ՀԱՄԱՍ–ի դեմ։ Մի քանի օրում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը։ Նրանք սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում` քաղաքացիական։