Հայաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը Երևանում անցկացված լատինամերիկյան պարերի ԱԱ–ում

Պարային այս առաջնությանը Հայաստանը 2 զույգ է ունեցել, բայց միայն մեկն է բարձր հորիզոնական զբաղեցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանում անցկացված լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացնող Նիկիտա Զեմլյանոյ-Կսենիա Արսենտիևա պարային զույգը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 12-ին, այն արդեն 4-րդ անգամ է իրականացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:
Երևանում անցկացված լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցներ
«Մրցաշարին 33 երկրի 59 պարային զույգ է մասնակցել: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է տվել Նիկիտա Զեմլյանոյ-Կսենիա Արսենտիևա պարային զույգը՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Սպորտային պարերի աշխարհի երիտասարդական առաջնությանը հանդես է եկել նաև Էդգար Խաչատրյան-Ալեքսանդրա Կոռնևա զույգը»,– ասված է հաղորդագրությունում։
Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ այս մարզաձևում Հայաստանն արդեն նշանակալի հաջողություններ ունի և այն պետք է շարունակել զարգացնել։
Երևանում անցկացված լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցներ
«Այս տարի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ունեցել ենք հաղթողներ և մրցանակակիրներ: Սա արվեստի և սպորտի միաձուլում է, կեցվածք, գեղեցկություն և ներդաշնակություն: Այս ամենը հաշվի առնելով՝ նմանօրինակ մարզաձևերին պետք է շատ ուշադիր լինենք: Եթե բրեյք-դանսն արդեն օլիմպիական մարզաձև է, ինչո՞ւ սպորտային-պարահանդեսային պարը ևս չի կարող լինել: Այդ իսկ պատճառով հենց այսօրվանից պետք է փորձենք հետամուտ լինել դրա զարգացմանը մեր երկրում»,- նշել է Գիլոյանը։
Երևանում անցկացված լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցներ
ԿԳՄՍՆ–ից նաև հայտնում են, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ակրոբատիկ ռոքնռոլի աշխարհի գավաթի խաղարկությունը, որում ելույթ են ունեցել 7 երկրի 24 զույգ: Մասնակիցներն իրենց ուժերը չափել են 3 անվանակարգում: Հայաստանը ներկայացուցիչներ է ունեցել բոլոր անվանակարգերում: Հայաստանը ներկայացրել են Սեթ Մանուկյան-Սաթենիկ Սարգսյան, Պարգև Նավասարդյան-Էլեն Խաչատրյան և Վահե Սարգսյան–Մանե Օհանյան զույգերը:
«Ակրոբատիկ ռոքնռոլի պարագայում նոր ենք մուտք գործում միջազգային ասպարեզ: Հուսանք՝ հետագայում որոշակի առաջխաղացում կունենանք: Ինչ վերաբերում է աշխարհի երիտասարդական առաջնությանը, ապա մրցաշարի անցկացման ու կազմակերպչական առումով ամեն ինչ հիանալի էր: Այս առումով սպասելիքներն ավելին քան արդարացան: Աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր պարային զույգից ավելին էինք ակնկալում, սակայն, ցավոք, չկարողացան մեդալ նվաճել: Այս զույգը բավականին նոր է ձևավորվել, զգացվում էր փորձի պակասը, ինչն էլ ազդեց ընդհանուր գնահատականների վրա»,- ասել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Բաբայանը:
Նա նաև ընդգծել է, որ միջազգային ֆեդերացիան արդեն 4-րդ անգամ Հայաստանին է վստահել մրցաշարն անցկացնելու հնարավորությունը։
Քրիստինե Սարգսյանի հայկական պարը հիացրել է գեղեցկության մրցույթի ժյուրիին. տեսանյութ
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներն ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել լատինաամերիկյան պարերի աշխարհի ու Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնություններում։