Էրդողանը ցանկանում է մեկ տարով երկարաձգել Ադրբեջանում թուրքական ԶՈւ–ի առաքելությունը

Էրդողանի ուղարկած փաստաթղթում ասվում է, որ Թուրքիան այդպիսով իր ներդրումն է ունենում տարածաշրջանի անվտանգության և կողմերի միջև վստահության ամրապնդման գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարան փաստաթուղթ է ներկայացրել` մեկ տարով երկարաձգելու Ադրբեջանում թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս–թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում: Տեղեկությունը հայտնում է TRT Haber–ը։
Նշվում է, որ թուրք օրենսդիրների կողմից փաստաթուղթը հաստատվելու դեպքում թուրքական զինված ուժերի առաքելության մանդատը մեկ տարով կերկարաձգվի 2023 թ. նոյեմբերի 17–ից սկսած:
Ադրբեջանի և Թուրքիայի իրական նպատակը. «Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ ՀՀ–ի լիակատար շրջափակում
Էրդողանի ուղարկած փաստաթղթում նշվում է, որ միասնական կենտրոնը, որտեղ ծառայում են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը։ Բացի այդ, Թուրքիան այդպիսով իր ներդրումն է ունենում տարածաշրջանի անվտանգության և կողմերի միջև վստահության ամրապնդման գործում: