Շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթել է Չեռնոգորիայի թիմին

Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցելու է Խորվաթիայի, իսկ կանանց թիմը` Սերբիայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթել է Չեռնոգորիայի թիմին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ տղամարդկանց թիմը հաղթանակ է տարել 2.5:1.5 հաշվով։ Թիմային հաղթանակ են տարել նաև կանայք` Չեխիայի թիմի դեմ խաղում (3:1 հաշվով)։
«Տղամարդկանց թիմին հաղթական միավորը բերել է Գաբրիել Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Կանանց մրցաշարում հաղթանակներ են տարել Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով»,– ասված է հաղորդագրությունում:
Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Խորվաթիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Սերբիայի թիմի հետ: