Միգրացիոն կորուստները անդառնալի հետևանքներ կարող են ունենալ. Արտաշես Բոյաջյան

Արխիվային լուսանկար
Հատկանշական է, որ միգրացիոն թվի աճ հատկապես նկատելի է հանրապետության մարզերում։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից ի վեր Շիրակի մարզում արտագաղթը ավելի մեծ է, քան ներգաղթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի, Sputnik - Արմենուհի Մխոյան. Ժողովրդագրական կայուն զարգացման պայմաններում Հայաստանի բնակչությունը պիտի հասներ 5 ու կես միլիոնի, բայց այսօր լրիվ այլ պատկեր ունենք, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց էթնոաշխարհագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Բոյաջյանը։
Արտաշես Բոյաջյան. Արխիվային լուսանկար
«Երբ կորցնում ենք հողերը, շատ ենք ափսոսում, բայց երբ կորցնում ենք բնակչությանը, չենք խորանում։ Երկիրը երկիր է մարդկանցով: Այսօր Հայաստանը պետք է ունենար 5 ու կես միլիոն բնակչություն, բայց ըստ մարդահամարի ու ընթացիկ հաշվառման տվյալների, մնացել է 2 մլն 900 հազար բնակիչ։ Սա՝ պաշտոնական, բայց փաստացի դրանից էլ քիչ։ Իհարկե, կորուստները՝ թե տարածքային, թե մարդկային, վտանգում են մեր անկախ պետության գոյությունը»,-նշում է Արտաշես Բոյաջյանը։
Ըստ նրա՝ այդ միտումը գնալով խորանում է։
«Եթե հաշվի առնենք միայն բնական աճի գործոնը, չներառելով միգրացիան, ապա այսօր Շիրակի մարզը պետք է ունենար 475 հզ բնակիչ, այդ թվում՝ Գյումրիի բնակչության թիվը պիտի 350-360 հազար լիներ։ Բայց փաստացի, 2021թ. պաշտոնական վիճակագրական ընթացիկ հաշվառման տվյալներով, Շիրակի մարզն ունի 231 000 բնակիչ, այսինքն՝ 2,1 անգամ քիչ, քան պետք է ունենար»,-ասում է նա՝ որպես արտագաղթի հիմնական պատճառ նշելով բավարար եկամուտ ապահովող աշխատանքի բացակայությունը։
Կա մեկ այլ խնդիր՝ Հայաստանը ժողովրդագրական առումով ծերացող երկիր է, այսօր արդեն 65 և բարձր տարիքի բնակչության թիվը կազմում է հանրապետության բնակչության թվի 14,5 տոկոսը, իսկ որոշ գյուղական բնակավայրերում՝ 22 տոկոսը։
1988թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը, սոցիալ-տնտեսական վիճակը, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները, հանրապետության քաղաքական անկայունությունը և շարունակվող արտագաղթը, 2020թ.-ի COVID-19 համավարակն էլ իրենց հերթին են ազդեցություն թողել Շիրակի բնակչության բնական վերարտադրության վրա:
Ի դեպ, թեև Արցախից բռնի տեղահանված մոտ երեք հազար մարդ է վերջին ամիսներին տեղափոխվել Շիրակ, սակայն, ցրտի ու աշխատանք չլինելու պատճառով նրանցից շատերը կրկին հեռանում են մարզից։
ԱԱԾ–ն անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել. տեսանյութ
Բոյաջյանը նաև նշում է, որ այս պարագայում լուրջ է նաև այլ ազգերի կողմից Հայաստան տեղափոխվելու խնդիրը, ինչն առաջ է բերում ժողովրդագրական պատկերի փոփոխության. Իրանից, Չինաստանից կամ Հնդկաստանից Հայաստան տեղափոխվածների թիվը տարեցտարի աճում է, այդ թվում՝ Շիրակի մարզում։
Ըստ մասնագետի՝ արտագաղթի ծավալների նվազման և ներգաղթի խթանման համար անհրաժեշտ է, որ մարզերում զբաղվածություն ունեցող և արտագնա միգրանտների եկամուտները հավասարվեն։