ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը ՀՀ կառավարությունը տվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, կոլեկտիվ կերպով մի խումբ մարդկանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարությունը, այս մասին հայտարարել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նշենք, որ ՀՀ գործադիրը հոկտեմբերի 26-ին ԼՂ բնակչությանը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու և փախստական ճանաչելու որոշում է կայացրել։
Ղազարյանը շեշտեց, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրվում է 1 տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ։
«Այդ կարգավիճակը տրամադրվում է, երբ տեղի է ունենում զանգվածային տեղահանություն և մենք ունեինք այդպիսի իրավիճակ։ Սա կոլեկտիվ կերպով մարդկանց մի խմբի պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Մեր օրենսդրությունն այդ մասով որոշակի առանձնահատկություն ունի` բացի պաշտպանության վերցնելուց, նաև ճանաչում է այդ անձնանց փախստական, եթե առկա են օրենքով սահմանված հիմքերը (ծագման վայրում մարդու իրավունքների զանգվածային, հասարակական խախտումներ)։ Այս ամենից ելնելով ԼՂ բնակչությունը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցվել և ճանաչվել նաև փախստական»,– նշեց նա։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նաև ընդգծեց, որ դրանից հետո անձինք անհատական կարգով հնարավորություն ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն և օգտվել բոլոր իրավունքներից և պարտականություններից, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։
Փախստականները չեն օգտվում քաղաքական իրավունքների ծավալից, ընտրելու և ընտրվելու իրավունքներից։
Հիշեցնենք, որ ԼՂ բնակչությանը տրամադրված կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են և ոչ թե քաղաքացիության հավաստում։ ՀՀ քաղաքացիություն ստանալը չի խանգարի ԼՂ–ից բռնի տեղահանվածներին ունեցվածքի փոխհատուցման և իրենց բնակության վայր վերադառնալու համար միջազգային ատյաններ դիմելուն։