ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Ղազախստանում ձերբակալվել է ազգային տնտեսության նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Աստանայի մասնագիտացված միջշրջանային քննչական դատարանի մամուլի ծառայությանը․ դատարանը նախկին պաշտոնյային կալանավորելու որոշում է կայացրել։
«Աստանա քաղաքի դատարանը կասկածյալ Կուանդիկ Բիշիմբաևի նկատմամբ խափանման միջոց է սահմանել երկու ամիս ժամկետով կալանքը: Այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն»,-ասվում է դատարանի հաղորդագրության մեջ։
Քաղաքի ոստիկանության դեպարտամենտում չեն հայտնել, թե հատկապես ինչ հանցագործության մեջ են մեղադրում ազգային Էկոնոմիկայի նախկին նախարարին։
Ղազախական մի շարք ԶԼՄ-ներում նոյեմբերի 9-ին տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ Աստանայի ռեստորաններից մեկում երիտասարդ կնոջ են սպանել, և որ այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալել են ազգային Էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին:
Կուանդիկ Բիշիմբաևը Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր: 2018 թվականի մարտին դատարանը Բիշիմբաևին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ և ցմահ զրկելով պետական ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Նրան մեղավոր են ճանաչել կաշառք վերցնելու և բյուջեի միջոցները յուրացնելու մեջ։ 2019 թվականի հոկտեմբերին Շիմկենտի դատարանը (Ղազախստանի հարավում հանրապետական նշանակության քաղաք) նախկին նախարարին պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում էր կայացրել։