ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանխատեսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքական կարիերայի ավարտը՝ հայտարարելով, որ նրան «բոլորովին ուրիշ օրեր են սպասվում»: Թուրքիայի ղեկավարի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Նեթանյահուին այլևս «իր զրուցակիցը» չի համարում, «ջնջել է նրան»:
«Նեթանյահուն երեկ մամուլի համար հայտարարություն է արել։ Մակրոնի հայտարարությունները, Էր Ռիադի գագաթաժողովը [Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը] նրան անհանգստացրել են։ Ես ի՞նչ էի ասում առաջ։ Հեյ Նեթանյահու, հիմա քեզ մոտ լավ օրերն են։ Քեզ բոլորովին այլ օրեր են սպասվում: Երեխաների վիշտը ձեզ չի ռեաբիլիտացնում: Նեթանյահու, դու մի օր հեռանալու ես։ Ճնշվածների անեծքները գլխիդ մի սարքիր»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք՝ Իսրայելը հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Դրանից հետո կազմակերպության զինվորականները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել: Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1400 մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, տուժել է ավելի քան 5000-ը:
Ի պատասխան` Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը ՀԱՄԱՍ–ի դեմ։ Մի քանի օրում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը։ Նրանք սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում` քաղաքացիական։ Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, տուժել է ավելի քան 27,4 հազար մարդ։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է մոտ 150 իսրայելցի լինի։ Շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։