Բայդենը չի հանգստանա, քանի դեռ չի հասել Գազայի պատանդների ազատմանը․ Սպիտակ տուն

Ջեյք Սալիվան. Արխիվային լուսանկար
Իսրայելցիները ենթադրում են, որ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ շարունակում է մնալ 239 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի հանգստանա, քանի դեռ չի հասել Գազայի հատվածից պատանդների ազատ արձակմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Իսրայելցիները ենթադրում են, որ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ շարունակում է մնալ 239 մարդ։ ԱՄՆ-ն, Սալիվանի խոսքով, տեղյակ է իր 9 քաղաքացիների մասին, որոնք անհետ կորել են հոկտեմբերի 7-ին պաղեստինյան հարձակումից հետո:
Այդ թեմայով բանակցությունները, հավելել է նա, ԱՄՆ-ի «ակտիվ ներգրավմամբ» շարունակվում են Իսրայելի և Կատարի միջև, որը ելք ունի դեպի անկլավում իշխող ՀԱՄԱՍ-ին։
«Ջանքեր են գործադրվում, որպեսզի փորձեն այնպիսի գործարք կնքել, որը կնախատեսեր պատանդների ազատ արձակումը։ Նախագահը չի հանգստանա, քանի դեռ մենք չենք հասել այդ գործարքին»,-ասել է Սալիվանը։
Միևնույն ժամանակ, շարունակել է Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչը, ԱՄՆ-ն դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի կրկնակի օկուպացմանը, այնտեղից պաղեստինցիների դուրս մղմանը կամ անկլավի տարածքի կրճատմանը:
ԱՄՆ-ն, Սալիվանի խոսքով, կցանկանար տեսնել Գազայի հատվածի և Հորդանան գետի Արևմտյան ափի վերամիավորումը Պաղեստինի ազգային վարչակազմի իշխանության ներքո:
Իսրայելցիները, սակայն, խոսում են անվտանգության ոլորտում Գազայի հատվածի նկատմամբ անժամկետ վերահսկողություն հաստատելու ծրագրերի մասին ու թերահավատությամբ են վերաբերվում ահաբեկչության դեմ պայքարելու պաղեստինցիների կարողություններին: