Շուրջ 50 երկրի 300 պատվիրակ կժամանի Երևան` մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային 21–րդ նստաշրջանին

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է, կանցկացվի նոյեմբերի 18–20–ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Շուրջ 50 երկրի 300 պատվիրակ կժամանի Երևան` մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային 21–րդ նստաշրջանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այդ նպատակով կհատկացվի մոտ 145 մլն դրամ, որից 120 միլիոնը կտրամադրվի ՀՀ կառավարության, իսկ մնացածը` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բյուջեից:
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է, կանցկացվի նոյեմբերի 18–20–ը Երևանաի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:
ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ աշնանային 21–րդ նստաշրջանը կանցկացվի «ԵԱՀԿ դերը ճգնաժամի պահերին, ո՞րն է կազմակերպության դերը ներքին և արտաքին մարտահրավերները հաղթահարելու» խորագրի ներքո։
«Նստաշրջանի ընթացքում քննարկելու ենք ամբողջ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ճգնաժամերը, պատերազմները։ Հատկապես կարևոր է Երևանում անցկացնելու պարագայում քննարկել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները»,– ընդգծեց նա։
Նշվում է, որ ՀՀ ԱԺ–ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշվել էր, որ այն պետք է կայանա Սամարղանդում, սակայն 2023 թ. փետրվարին Ուզբեկստանի կառավարությունը չեղյալ էր հայտարարել այդ որոշումը։ Դրանից հետո ԵԱՀԿ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն առաջարկել է նստաշրջանը տեղափոխել Երևան: Առաջարկն ընդունվել է: