ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու, և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ: Նման մտահոգություն է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջով հղած տեսաուղերձում։
«Այս օրերում ամենահաճախակի քննարկվող հարցը այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրն է մինչև տարեվերջ: Դրա մասին խոսում են ՀՀ վարչապետը, ԱԳՆ նախարարը, ավտանգության խորհրդի քարտուղարը: Զգում ես, որ այս մարդիկ խոսում են իրենց թվացյալ «բաց ճակատով» և մեզ ուղղակի ավետում են, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, բայց այդ «բաց ճակատի» վրա հայ ժողովուրդն ակնհայտ մի բան է կարդում` այս իշխանության օրերին և այս մարդկանց պատճառով է, որ ժողովուրդը անցել ու անցնում է մեծ արհավիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, և այս ամենը շարունակվում է, և չգիտենք` ինչ անակնկալների առաջ կարող ենք կանգնել»,– ընդգծեց Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարը խաղաղության պայմանագրի բանակցություններին վերաբերվում է որպես հայ–թուրքական, այլ ոչ թե հայ–ադրբեջանական բանակցությունների։ Ըստ նրա` այս բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, իսկ ինչպիսի ելք էլ լինի, դա վերաբերելու է և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային:
Օսկանյանը համոզված է` եթե ՀՀ–ն մի օր լինի հզոր պետություն, այս պետություններն անպայման վերադառնալու են այն հարցին, որ իրենք հայկական հողերն են զավթել, և դա նրանց համար կլինի սպառնալիք:
«Հաշվի առնելով, որ այս խաղաղության պայմանագրի բանակցությունները վարում են այս իշխանությունները, որոնք տապալել են ամեն ինչ` կորցրել ենք Արցախը, ադրբեջանական ուժերը գտնվում են հայկական տարածքում, տեսնում ենք, որ խոստումներ կան սեղանի վրա, որոնք պայմանագրի միջոցով Թուրքիան և Ադրբեջանը կպոկեն մեզանից»,– ահազանգում է Օսկանյանը։
Նա լուրջ մտահոգություն ունի, որ այսպիսով կանգնելու ենք շատ ավելի խոցելի ու դառն իրականության առաջ։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։