Իսրայելի զորքը պետք է անհապաղ դուրս բերվի Գազայի հատվածից. Իրանի նախագահ

Ռայիսին պահանջել է միջազգային դատավարություն անցկացնել Գազայի հատվածի գնդակոծման մեջ ներգրավված սիոնիստների և ամերիկացիների նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Իսրայելից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը պաղեստինյան Գազայի հատվածից:
«Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և այնտեղից դուրս բերի զորքերը»,– ասել է նախագահը՝ այսօր Էր Ռիադում ելույթ ունենալով արաբա–մահմեդական արտահերթ գագաթնաժողովում, որը վերաբերում էր Գազայի հատվածում տիրող իրավիճակին:
Նա նաև պահանջել է միջազգային դատավարություն անցկացնել Գազայի հատվածի գնդակոծություններին մասնակից սիոնիստների և ամերիկացիների նկատմամբ:
Իրանի նախագահն անհրաժեշտ է համարում սիոնիստական կազմավորման հետ մահմեդական պետությունների առևտրի և համագործակցության դադարեցումը և նրանց ապրանքների բոյկոտը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։