ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Իսլանդիայի իշխանությունները հայտարարել են երկրի հարավում գտնվող Գրինդավիկ քաղաքի տարհանման մասին։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ վերջերս տեղի ունեցած երկրաշարժից հետո կուտակված լավան կարող է դուրս գալ մակերևույթ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reykjavik Grapevine ամսագիրը:
Ավելի վաղ Iceland Review պարբերականը գրել էր, որ նոյեմբերի 8–ին զբոսաշրջիկների շրջանում հայտնի «Կապույտ ծովածոց» երկրաջերմային հանգստավայրի շրջանում տեղի են ունեցել մի շարք ուժեղ երկրաշարժեր, որոնք զգացվել են մի քանի բնակավայրերում և դարձել են սեյսմիկ ակտիվության պատճառ:
«Իսլանդիայի օդերևութաբանական բյուրոն հայտնում է, որ Գրինդավիկ քաղաքի տակ, հավանաբար, առաջացել է մագմայի ջրանցք: 3,7 հազար բնակչություն ունեցող քաղաքում լավայի` մակերես հնարավոր դուրս գալու պատճառով մարդկանց պարտադիր տարհանման հրաման է տրվել»,– գրում է ամսագիրը։
Ընդ որում, նշվում է, որ օդերևութաբանական բյուրոյի սարքերի վրա հստակ նշաններ կան, որ առաջացած մագմայի թունելը բարձրանում է դեպի երկրի մակերես:
Պարբերականը հայտնում է, որ Գրինդավիկի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը քաղաքում տագնապի աստիճանը բարձրացրել է մինչև արտակարգ իրավիճակի մակարդակ, իսկ դեպարտամենտի տնօրեն Վիդիր Ռեյնիսոնը հայտարարել է պարտադիր տարհանման մասին, որի ընթացքում բնակիչները պետք է քաղաքից հեռանան առաջիկա երկու–երեք ժամվա ընթացքում:
Բացի այդ, ամսագիրը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին` նշում է, որ իշխանություններն ամրացնում են քաղաքի կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը: Սվարցենգիի առանցքային էլեկտրակայանի շուրջ ընթանում է պաշտպանիչ պատնեշի կառուցումը։