Նոյեմբերի 12-ին Երևանում կայանալիք երիտասարդ օպերային մենակատարների գալա-համերգի նախօրեին անցկացվեց Ռուսաստանի Մեծ թատրոնի և Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային նախագծերի համատեղ փորձը։
Երկու երկրների երիտասարդական օպերային ծրագրերի համագործակցության նախաձեռնությամբ հանդես էր եկել Մեծ թատրոնի տնօրեն Վլադիմիր Ուրինը այս տարվա գարնանն իր հայաստանյան այցի ժամանակ։
Ռուսաստանի Մեծ թատրոնի երիտասարդական օպերային ծրագրերի ղեկավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Դմիտրի Վդովինը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ թատրոնների միջև համագործակցությունը զարգանում է երկու երկրների համար դժվար ժամանակներում։
«Ավանդաբար դուք միշտ ուժեղ եք եղել այդ հարցում։ Հիշե՛ք՝ որքան հայ է ապրում Ռուսաստանում։ Եվ որքան հայ է զբաղվում մշակույթի, արվեստի հարցերով։ Այդ թեման բավական զգայուն է, հատկապես ներկայիս իրավիճակում։ Իհարկե, կապերն ուժեղացել են։ Դա նշանակում է` բացասականի մեջ միշտ դրականի մասնիկ կա։ Եվ Ռուսաստանի Մեծ թատրոնի երիտասարդական օպերային ծրագրում մեծ թվով հայեր են մասնակցում։ Ընդ որում, նրանց կեսը Հայաստանից է, մյուս կեսը՝ Ռուսաստանից։ Հայ երգիչների հետ ամենաջերմ հարաբերություններն ունեմ», - ընդգծեց Վդովինը։
Մեծ թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը ստեղծվել է՝ նպատակ ունենալով երիտասարդ կատարողներին նախապատրաստել ժամանակակից երաժշտական թատրոնում աշխատելու համար և նրանց մասնագիտական կատարելագործման հնարավորություն տալ օպերային արվեստի վարպետների ղեկավարության ներքո։
Ի դեպ, Մեծ թատրոնում օպերային ծրագրի հետ մեկտեղ բալետային երեք ծրագիր է գործում։ Հայաստանում ևս նախատեսում են Երիտասարդական բալետային ծրագիր իրականացնել։ Բացի այդ, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրերի ղեկավար Լևոն Ջավադյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ թատրոնը ծրագրում է ակադեմիա ստեղծել, որտեղ կդասավանդվեն թատերական բոլոր մասնագիտությունները` սկսած ռեժիսորներից և վերջացրած օպերային մենեջմենթով ու այնպիսի հազվագյուտ մասնագիտություններով, ինչպիսիք են բուտաֆորիա պատրաստողն ու գրիմ անողը։ Ինչպես նշեց Դմիտրի Վդովինը, նման ակադեմիա, որտեղ մեկտեղված են բոլոր մասնագիտությունները, միայն Փարիզի օպերայում կա։