Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարարի և Փարիզի քաղաքապետի հետ

Արարատ Միրզոյանն իր գրառման մեջ նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը մշտական քաղաքական երկխոսության մաս են կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Փարիզի խաղաղության 6–րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։ Այդ մասին Արարատ Միրզոյանը գրել է X–ի իր միկրոբլոգում։
«Փարիզի խաղաղության 6–րդ համաժողովի շրջանակներում ես հնարավորություն ունեցա համառոտ մտքեր փոխանակել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյյի հետ»,– գրել է նա։
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը երկկողմ մշտական քաղաքական երկխոսության մաս են կազմում:
Հիշեցնենք` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 8–ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ, որտեղ երեկ` նոյեմբերի 9–ին, մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին:
Բայցի այդ, Միրզոյանը Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով ՅՈւՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։