ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ պաղեստինական շարժման ստորաբաժանումների երեք հրամանատարի, որից մեկը կապ է ունեցել Իսրայելի հարավում գտնվող Զիկիմի ռազմաբազայի վրա։
«Նրանց թվում են վաշտի հրամանատար Ահմեդ Մուսան և դասակի հրամանատար Օմար ալ–Հինդին»,– ասվում է բանակի Telegram–յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ՑԱԽԱԼ–ի տվյալներով` երկու հրամանատարներն էլ գտնվել են Գազայի հատվածի Ջեբալիա քաղաքի արևմտյան մասում։ Ինչպես պնդում է Իսրայելի բանակը, Մուսան հոկտեմբերին ՑԱԽԱԼ–ի բազայի վրա իրականացված հարձակման հրամանատարներից մեկն է եղել։ Բացի այդ, ՑԱԽԱԼ–ը հայտարարում է ՀԱՄԱՍ–ի Հյուսիսային բրիգադի դիպուկահարների ստորաբաժանման ղեկավար Մուհամմեդ Կահլուտի չեզոքացման մասին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10,3 հազարը, տուժել է ավելի քան 25 հազար մարդ։