ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջիկայում կմեկնի Ճապոնիա։ Այդ մասին նշվել է Քերոբյանի և ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այցի շրջանակում նախարարը կմասնակցի «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին, որին ներկայացված կլինի նաև Հայաստանը։
«Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և գործարար կապերի ընդլայնումը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Դեսպանը նշել է, որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, հայկական մշակույթն ու պատմությունը հետաքրքրում են ճապոնական շուկային ։
Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը՝ Քերոբյանն առաջարկել է ճապոնական ընկերություններին դիտարկել այդ ծրագրերում ներգրավվելու հնարավորությունը։