«Սևան» ազգային պարկում ծառերի չորանալու փորձաքննության արդյունքները կստացվեն նոյեմբերին

Չորացած սոճիները
Լաբորատոր փորձաքննություն անցկացնելու համար դեռևս ամռանը նմուշներ էին ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Սևան» ազգային պարկում ծառերի չորանալու պատճառներն իմանալու համար ՌԴ ուղարկված նմուշները լաբորատոր փորձաքննության են ենթարկվել և նոյեմբերի վերջին դրանց արդյունքները կստացվեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որտեղ անցկացվել է «Անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման կազմակերպման մասին» թեմայով քննարկում։
Քննարկում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում
Նշվում է, որ նմուշները ՌԴ ուղարկվել էին դեռևս ամռանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում սոճի տեսակի ծառերի մոտ հայտնաբերված հիվանդության հետ կապված խնդիրները։
«Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս պրոցեսներին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվում է նաև սոճիների բնականոն վերաճը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ընթացիկ իրավիճակը, մասնավորապես՝ «Սևան» ազգային պարկի տարածքում հիվանդության արդյունքում չորացած ծառերի հաշվեգնահատման ցուցակը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը այս տարվա հունիսին հայտնել էր, որ «Սևան» ազգային պարկում 8269 սոճի է չորացել, ևս 10 հազար ծառ չորացման վտանգի առաջ են: Օգոստոսին քննարկվել է տարբերակ, որ հնարավոր ավելի քան 8 հազար սոճի հատվի, զուգահեռաբար էլ իրականացվի անտառի վերականգնման ծրագիր, և յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն տասը նոր ծառ կտնկվի։
Քննարկում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում